Գործող իշխանությունների մոտեցումը քիչ է տարբերվում այն մոտեցումից, որով ղեկավարվում էր կառավարությունը մինչեւ «թավշյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Փորձագետի խոսքով՝ նոր կառավարության մոտեցումն էլ հիմնված է այն ելակետի վրա, որ սոցիալական խնդիրների լուծումը կապված է տնտեսության աճի հետ, պետությունը կենտրոնացած է պայմանների ստեղծմանը, որով չէր խանգարի տնտեսությանը զարգանալ։

«Սակայն միայն եկամտային հարկի կրճատմամբ անհնար է լուծել տնտեսության եւ սոցիալական ոլորտում բոլոր խնդիրները։ Եթե պետությունը սոցիալական է, ապա այն պետք է ակտիվություն ցուցաբերի սոցիալական խնդիրների լուծման հարցում»,–հավելեց Ավետիսյանը։  

Տնտեսագետը նշեց, որ 30 տոկոս աղքատության պայմաններում տնտեսության մեջ պետության չմիջամտությամբ անհնար է հարցին համակարգային լուծում տալ. «Եկամտային հարկի կրճատման մասին հայտարարության հետ պետք է նաեւ պայմաններ ստեղծել, երբ բնակչությունը հնարավորություն կունենա նախնական կապիտալ ստանալ»,–շեշտել է նա։

Փորձագետը հավելել է, որ տնտեսական գործոնների (ներդրումների աճ) կողքին կա նաեւ ոչ տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտություն, որոնք կապված են կրթության եւ մարդկանց արտադրողականության մակարդակի բարձրացման հետ։