Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, մինչ այժմ բնապահպանական կառավարումն իրականացվել է հիմնականում  փոխհատուցման սկզբունքի կիրառմամբ. «Դա վերաբերում է եւ՛ բնապահպանական, եւ՛ բնօգտագործման վճարներին, սակայն այսուհետ սկզբունքը լինելու է կանխարգելման սկզբունքը, ինչպես շատ եւ շատ երկրներում»,-ասաց նա՝ եւ մի օրինակ բերեց:

«Մեր ամենախոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններից մեկը, որը տասնյակ միլիոնավոր խմ մաքուր, բարձրորակ ջուր է օգտագործում իր պրոցեսների համար, դրա համար վճարում է շատ փոքր՝ մի քանի տասնյակ հազար դոլարի կարգի վճարներ եւ սրանով փակում է բնապահպանության հետ կապված գործառույթները: Սակայն կանխարգելման սկզբունքի կիրառումը ենթադրում է, որ պետք է լինի կանխարգելում, ոչ թե փոխհատուցում»,-ասաց նա:

Էրիկ Գրիգորյան ասաց, որ կփոփոխվի նաեւ փորձաքննական համակարգը, որն այսօր, ըստ նրա՝ որոշակի դագանակի դեր է կատարել եւ օգտագործվել է բազմաթիվ ՓՄՁ-ների զսպելու համար, բայց շրջակա միջավայրի պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից դեր չեն ունեցել: 

«Փորձաքննական գործընթացը պետք է ուղղված լինի խոշոր աղտոտողների, խոշոր  ռեսուրս օգտագործողների կառավարման վրա: ՀՀ-ում բնապահպանական վճար վճարողների ավելի քան 90%ը վճարում է 100 հազար դրամից քիչ վճարներ, իսկ ավելի քան 70 տոկոսը՝  նույնիսկ  20 000-ից պակաս: Սակայն վարչարարությունը փորձաքննական գործընթացը եւ լիցենզիան զգալի պետական ռեսուրսներ են խլում: Սա նույնպես էականորեն փոխվելու է:

Բացի այդ, փորձաքննական պրոցեսը առաջարկվել է մշակել, խոշորածավալների դեպքում պետությունը պետք է կարողանա վարձել տեղական եւ միջազգային մասնագետների, որ ավելի հիմնավորված որոշում կայացվի եւ իրական փորձքաննություն իրակացնի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հսկայական անտառապատման աշխատանքներ իրակացնելու պարտավորություն է ստանձնել. «Դա օպտիմալ անտառպատվածության ծրագիրն է եւ արդեն հաջորդ տարվանից պետբյուջեով նախատեսված է 425 մլն դրամ հատկացնել ծրագրին: Բացի այդ, այս պահին արդեն մեծ ծավալի աշխատանքներ են իրակացվում, մենք նախատեսում ենք, որ 2019թ-ը լինելու է բեկումնային տարի ՀՀ-ի անտառպատվածության մասսայական մեկնարկի եւ հետագա տարիներին մինչեւ 2050 թվականը, մեր պարտավորությունների իրակացման համար»,-ընդգծեց Գրիգորյանը: