Բոլորիս նպատակն է, որ Հայաստանում անցկացվեն արդար ու թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14֊ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՄԱԿ֊ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։

«Բոլորս գիտակցում ենք՝ ինչպիսի պատմական իրադարձությունների առջեւ ենք մենք այժմ կանգնած։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ անցկացվեն արդար ընտրություններ, միջազգային համայնքն էլ իր քայլն է անում այդ ուղղությամբ։ Շնորհակալ ենք մեր դոնոր կազմակերպություններին աջակցության համար։ Ինչպես պարոն Սվիտալսկին նշեց, արդյունքը ժողովրդի ձեռքին է, պետք է գնալ ու ընտրել»,- ասաց Շոմբի Շարփը։

Նշենք, որ այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԶԾ-ի կողմից իրականացվելիք ընտրական գործընթացների աջակցության ծրագրի մեկնարկը:

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:

Ծրագիրը ֆինանսավորվում է  ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ: