Արարատ Միրզոյանը կառաջադրվի թիվ երեք ՝ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից եւ նախորդ անգամ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր էր ընտրվել։  Այս մասին նա հայտնեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում։

Հարցին,  թե ՀՀԿ–ական պատգամավորներ կան «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական ցուցակում, Միրզոյանը հայտնեց, որ 6-րդ գումարման ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ կան «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ինչպես «Ելք»-ից, այնպես էլ մյուս խմբակցություններից։ Նա խորհուրդ տվեց սպասել մինչեւ 14.00–ն, երբ ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրական ցուցակը դուր չի եկել եւ նա պատռել է այն։ «Նման բան չի եղել»,–ասաց նա։

Նա ցուցակում թեկնածուների ճանաչելիության մասին հարցին ի պատասխան հայտնեց՝ ցուցակը կազմելիս փորձել են այնպես անել, որ ռեյտինգային ցուցակում տվյալ ընտրատարածքում ճանաչելի մարդիկ ընդգրկված լինեն։ «Կարող են լինել նաեւ բացառություններ, հուսով եմ, որ բոլոր թեկնածուները կկարողանան խոչընդոտները հաղթահարել եւ կհասցնեն ճանաչելի դառնալ ընտրատարածքի ընտրողների համար»։

Միրզոյանը հրաժարվեց կանխատեսել, թե իրենց քաղաքական ուժը քանի տեղ կունենա ապագա խորհրդարանում. «Չափազանց անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, այս օրերի ընթացքում ես շատ տարբեր թվեր եմ լսում, ըստ էության անիրատեսական ցածրից մինչեւ ոչ ողջունելի բարձր, ինքս ձեռնպահ կլինեմ թիվ նշելուց»։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ հստակ արձանագրել ենք, որ պետք է բացառել վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը։

Նա ընդդիմություն կհամարի այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքում կառավարության կազմում չեն լինի։«Մեզ ձեւական, գրպանային ընդդիմություն պետք չի եղել եւ պետք չի լինելու»,–եզրափակեց նա։