Գործող ընտրական համակարգը բխում է Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների շահերից: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

Վարդանյանը «ռեյտինգային» ընտրակարգը անվանեց օլիգարխիական, քանի որ այն, նրա խոսքով, ձեռնտու է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, ուղղված է քրեաօլիգարխիկ տարրերի առաջմղմանը իշխանության:

«Ինձ թվում էր, թե ՀՀԿ-ն թեկուզ փոքր ողջամտություն ուներ, բայց նրանց կողմից իրենց ցուցակը հաստատելուց հետո, այդ հույսն էլ անհետացավ»,- պարզաբանեց «Մենք» դաշինքի ներկայացուցիչը: 

Թեհմինա Վարդանյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն անհաջողություն կկրի, քանի որ հայ հանրության շրջանում իրեն վերջնականապես վարկաբեկել է:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: