Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 350 հազար հարկատուներ մասնավոր սեկտորում կերակրում են մնացած բնակչությանը, անընդունելի է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Փորձագետի խոսքով՝ այդպիսի տարբերակումը անթույլատրելի է, քանի որ մարդիկ ոչ մասնավոր հատվածում պակաս էական բարիք չեն ստեղծում։

«Առողջապահության, իրավապահ համակարգի աշխատակիցները, պատգամավորները, ուսուցիչները պակաս բարիք չեն ստեղծում, քան գործարարները եւ առանց նորմալ գործող պետական կառույցների պետության ոչ մի զարգացման մասին, իհարկե, խոսք գնալ չի կարող»,–նշել է նա։

Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ ընդհանուր մոտեցումներից բացի անհրաժեշտ է ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ, սկսելով ամենից առաջ իրավական դաշտից ու Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումից։