Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հատվածում նոր նախագծերի իրականացմամբ: Այս մասին նոյեմբերի 14-ին «Հայաստանի էներգետիկ շաբաթ – 2018» միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց EBRD հայաստանյան գրասենյակի նախագահ Դիմիտրի Գվինդաձեն:

Նրա խոսքով՝ Հայաստանում EBRD գործունեության առաջնային ուղղությունն է ֆինանսական հատվածը, քանի որ Եվրաբանկի գործընկերային ցանցն ընդգրկում է Հայաստանի բանկային համակարգի 2/3-ը:

«Այդուհանդերձ, Հայաստանի հետ EBRD-ի համագործակցության առանցքներից մեկն է էներգետիկ հատվածը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հետ եւ իրականացնում ենք արդյունաբերական նշանակության «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանի շինարարության համաֆինանսավորումը»,- ասաց բանկի ներկայացուցիչը:

Այնուհետեւ շարունակեց՝ այս նախագիծը համանման առաջին նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում:

«Այսօրվա միջոցառման նպատակը նոր նախագծերի որոշումն է, որը կառավարությունը մտադիր է ներկայացնել Էներգետիկ շաբաթվա շրջանակում: Մենք, անկասկած, հետաքրքրված ենք, քանի որ արդեն ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտի նախաձեռնությունները: Սա մեզ համար ոչ թե ապագան է, այլ ներկան: Բնականաբար, մենք այս ուղղությամբ կշարունակենք աշխատել: Այնպես որ, վերականգնվող էներգիայի աղբյուրներն անպայման կլինեն մեր առաջնայնությունը»,- ասաց EBRD ներկայացուցիչը:

«Թալին-2» նախագծի վերաբերյալ Գվինդաձեն ասաց, որ EBRD-ն մտադիր է քննարկել եւ դրան մասնակցել քննարկումների ավարտին՝ արդեն առարկայական որոշումների ընդունման փուլում:

EBRD գրասենյակի ղեկավարը նաեւ հայտնեց, որ Հայաստանում բանկի ակտիվ փաթեթը 300 մլն եվրո է, երկրում գործարքների ծավալը գործունեության սկզբից սկսած անցնում է 1 մլրդ եվրոյից:

«Մեր փաթեթի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: Սրանում է մեր բանկի տարբերությունը մյուս ֆինանսական կազմակերպություններից: Մենք ամեն տարի կատարում ենք 70-ից մինչեւ 130 մլն եվրոյի գործողություններ, եւ այս տարի ծրագիրը փաստացի 100 տոկոսով կատարել ենք»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք՝ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանի շինարարության մրցույթը շահել է 2 ընկերություններից կազմված՝ իսպանական Fotowatio Renewable Ventures B.V-ի եւ նիդեռլանդական FSL Solar S.L-ի միջազգային կոնսորցիումը: «Մասրիկ-1» արեւային կայանը գտնվում է Մեծ Մասրիկ եւ Վարդենիս քաղաքների մերձակայքում: Կոնսորցիումը արեւային գեներացիայի ապագա օբյեկտից ստացված էներգիայի դիմաց  Հայաստանի համար ռեկորդային ցածր սակագին է առաջարկել՝ 0,0419 դոլար, առանց ԱԱՀ-ի կամ 20,11 դրամ 1 կՎտ/ժամի դիմաց:

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը: Միջոցառմանը մասնակցում են արտասահմանյան եւ տեղական պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, դիվանագիտական կորպուսների, փորձագետների 300-ից ավելի ներկայացուցիչներ:

EBRD-ն Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրողն է: Եվրաբանկի ներդրումները 1992 թվականին գործունեությունը սկսելուց ի վեր կազմել են 1,13 մլրդ եվրո՝ ուղղված ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների, էներգետիկ հատվածներում նախագծերի ֆինանսավորմանը: