ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ այս բյուջեի ծնողները՝ ԱԺ-ն ու Կառավարությունը, պաշտոնանկ ու ժամանակավոր են:

«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր խորհրդարանը կվերահսկի բյուջեի կատարումը, նոր կառավարությունը բյուջեի հիմնականբաղադրիչները կիրականացնի։

Մենք այս բյուջեին կողմ ենք քվեարկելու նաեւ նրա համար, որ բազային կենսաթոշակը ավելացնում ենք 10․000 դրամով: Եթե մենք ասում են, որ երկրում աղքատներ չպետք լինեն, գոնե պետք է ունենաք աղքատի բանաձեւում։ Մինչեւ հիմա որեւէ մեկը համարձակություն չունեցավ ասել, որ կենսապահովման նվազագույն չափի  եկամուտ չունեցողներն աղքատ են, այսինքն՝ 70-80 տոկոսը մեր բնակչության աղքատ է»,- ասաց նա:

«Ծառուկյան» դաշինքի անունից խոսեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյան, ով նշեց, որ ներկայացված բյուջեին, իհարկե, հետհեղափոխական սպասումներին համարժեք չէ, սակայն պետք է սկսված փոփոխությունները՝ մենաշնորհների վերացում եւ այլն, շարունակվեն. «Հաշվի առնելով այդ ամենը, մենք չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- հայտարարեց Մելքումյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ համակարծիք չէ «իներցիոն» բյուջե որակմանը, քանի որ սա պետք է լիներ հեղափոխական բյուջե. «Եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության ծրագրի շարունակությունը, ապա այս խորհրդարանն ավելի լավ կիրականացներ դա: Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով  եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլեւ նշույլները չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ի՞նչով են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, եւ սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին Կառավարության աշխատանքը չխանգարելու համար։

ԱԺ «Ելք» խմբակցության անունից որեւէ մեկը ելույթ չունեցավ, սակայն հաշվի առնելով, որ «Ելք»-ը պաշտպանում է գործող կառավարությանը, նրանք եւս կողմ կքվեարկեն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ բյուջեի նախագիծն ընդունելու համար նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ կհրավիրվի: