Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր զանգահարել են խմբակցություն, ցանկացել են զրուցել ֆրակցիայի ղեկավարի հետ, ապա հայհոյել ու սպառնացել են:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր, մենք (Երեւանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների եւ բացահայտ սպառնալիքների:

Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11-ին Երեւանի ավագանու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում:

Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»: