ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության եւ  գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2016թ. աշնանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ս.Մոսոյանը՝ ծնված 1976թ., Քելբաջար քաղաքի «Իստիսու» տաք ջուր կոչվող վայրում հայտնաբերել է ռազմամթերք հանդիսացող «Մակարով» տեսակի ակոսափող ատրճանակների, «ՊՊՇ» տեսակի ատրճանակ-գնդացիրների համար նախատեսված 4 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք նա տարել է տուն եւ պահել:

Բացի այդ, 42-ամյա տղամարդը 2017թ. աշնանը, առանց իրացնելու նպատակի, իր տան բակում աճեցրած կանեփի բույսերից ապօրինի ձեռք է բերել ու պահել զգալի չափերի՝ 2.94 եւ 2.500 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Վերը թվարկվածից բացի, Ս.Մոսոյանն իր համաքաղաքացու՝ Ռ.Մաթեւոսյանի հետ Մարտունի քաղաքի խանութներից մեկից գողություն կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ 2018թ. մայիսի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, նրանք գնացել են նշված վայր:  Ըստ դերաբաշխման՝ Ս.Մոսոյանը  մնացել է դրսում՝ գողության բարեհաջող ընթացքը եւ ավարտն ապահովելու համար, իսկ Ռ.Մաթեւոսյանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով խանութի պատուհանի ճաղավանդակը, ապօրինի մտել է խանութ եւ հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ եւ կանխիկ գումար:

Քննությամբ պարզվել է նաեւ Ռ.Մաթեւոսյանի կողմից կատարված  հանցագործության եւս մեկ դրվագ: Մասնավորապես՝  2018թ. հունիսի 24-ին, վերջինս, տեղեկանալով, որ նախկին կինը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, եւ ծնողները նրան ուղեկցելու են եւ, հետեւաբար, տանը չեն լինելու, մտադրվել է գողություն կատարել նրանց տանից: Իր մտադրությունն իրականացնելու համար նա իր ընկերոջ՝ Ս.Մոսոյանի  հետ հունիսի 25-ի գիշերը գնացել նախկին կնոջ՝ Բաղրամյան գյուղում գտնվող հայրական տուն, որտեղից գողացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 512 700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գումար եւ ոսկյա զարդեր:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Մոսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ռ.Մաթեւոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննությունը ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: