Հայաստանը կստեղծի բոլոր հնարավորությունները վերականգնվող էներգիայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Նոյեմբերի 14-ին այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի էներգետիկ շաբաթ -2018» միջոցառմանը:

Նրա խոսքով, Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ է տրվում վերականգնվող էներգետիկային, այդ թվում` արեւային էներգետիկային, հիդրոէներգետիկային եւ հողմաէներգետիկային: Միեւնույն ժամանակ, առաջիկա տարիներին նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի զգալի աճ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում:

«Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների, Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման ներուժը շատ բարձր է: Երկրի էներգետիկ օրենսդրության լայնածավալ բարեփոխումները եւ լավագույն միջազգային փորձի կիրառումը մեծացրել են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային գրավչությունը», - նշեց նախարարի պաշտոնակատարը:

Վերջին տարիներին արեւային լուսավոլտային տեխնոլոգիաների գները զգալիորեն նվազել են, ինչի շնորհիվ արդյունաբերական նշանակության նման տեխնոլոգիաները դարձել են մրցունակ, իսկ «Մասրիկ-1» նախագծի օրինակը  ցույց տվեց, որ նման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գեներացնող կայանից ցածր սակագին ստանալ եւ, հետեւաբար, նվազեցնել վերջնական սպառողների համար սակագները:

Հայաստանի կառավարությունը, գիտակցելով վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ողջ կարեւորությունը, բոլոր հնարավորությունները կստեղծի վերականգնվող էներգետիկայի ոլորտում համաշխարհային հայտնի ընկերություններից ներդրումներ ներգրավելու համար:

Հիշեցնենք՝ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանի շինարարության մրցույթը շահել է 2 ընկերություններից կազմված՝ իսպանական Fotowatio Renewable Ventures B.V-ի եւ նիդեռլանդական FSL Solar S.L-ի միջազգային կոնսորցիումը: «Մասրիկ-1» արեւային կայանը գտնվում է Մեծ Մասրիկ եւ Վարդենիս քաղաքների մերձակայքում: Կոնսորցիումը արեւային գեներացիայի ապագա օբյեկտից ստացված էներգիայի դիմաց  Հայաստանի համար ռեկորդային ցածր սակագին է առաջարկել՝ 0,0419 դոլար, առանց ԱԱՀ-ի կամ 20,11 դրամ 1 կՎտ/ժամի դիմաց:

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը: Միջոցառմանը մասնակցում են արտասահմանյան եւ տեղական պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, դիվանագիտական կորպուսների, փորձագետների 300-ից ավելի ներկայացուցիչներ: