Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրություններին մասնակցելով՝ իրեն շատ մեծ փորձության է ենթարկում: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ինքը, որպես ՀՀԿ ներկայացուցիչ, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից ոչ մի սպասելիք չունի:

«Ինձ համար կարեւոր է, թե ՀՀԿ-ն ինչպես դարձնել արդիական, ժամանակակից կուսակցություն, որովհետու այս տարիներին, ցավոք, կուսակցության մեջ շատ խնդիրներ են կուտակվել»,- պարզաբանեց Մարտիրոսյանը:

Ընդ որում՝ նա գոհունակություն հայտնեց, որ վերջին շրջանում ՀՀԿ շարքերում  զտում է սկսվել, սակայն Ռազմիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այն չափազանց  ուշ է տեղի ունեցել եւ հազիվ թե կարողանա ինչ-որ բանի վրա ազդել:

Նա, միաժամանակ, շեշտեց, որ Հայաստանի հանրությունը հերթական անգամ շատ մեծ հույսեր է կապել նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց երբ հույսերը չիրականանան, կսկսվի նոր զանգվածային հիսաթափություն: