Բաթումիի նավահանգստում սակագների հարցը քննարկելու համար առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստն անցկացնել: Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Հանրապետական կուսակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի՝ Բաթումիի նավահանգիստը Հայաստանի կողմից օգտագործելու համար սակագների հնարավոր վերանայման մասին հարցին:

Ընդ որում նա նշեց, որ Բաթումիի նավահանգստում սակագների որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են:

«Եթե խոսքը հենց նավահանգստի սակագների մասին է, ապա սակագների որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են: Խոսքը նավթամթերքների, բենզինի, դիզելային վառելիքի մասին է: Գները կայունացել են եւ այդ իմաստով շուկան ազատականացրել են», - պարզաբանեց նա:

Նա նաեւ նշեց, որ սակագների փոփոխության վերաբերյալ ցանկացած քննարկում ենթադրում է համապատասխան համատեղ քննարկման եւ բանակցային գործընթացի անցկացում:

Ավինյանը շեշտեց, որ իրենք բարձրացրել են Վրաստանի տարածքից որոշակի ապրանքների տեղափոխման գործընթացի առավելագույնս պարզեցնելու հարցը, որը ներառում է ցանկացած արհեստական խոչընդոտների վերացում: Միեւնույն ժամանակ նա հաղորդեց, որ այս հարցը արդեն լուծված է, իսկ սակագների հարցը դեռեւս քննարկման փուլում է:

 «Վերջերս մենք խնդիր ունեինք հացահատիկի եւ գարու տեղափոխման հարցում, սակայն այս խնդիրը քննարկվել եւ ժամանակավորապես լուծվել է», - բացատրեց Ավինյանը` հավելելով, որ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում այս հարցին վերջնական որոշում կտրվի: