6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակի վերջին հորիզոնականներում լինելը պայմանավորում է «ԽԾԲ»–ի (խնամի, ծանոթ, բարեկամ) հանդեպ գործող իշխանությունների ունեցած վերաբերմունքով։

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես ասաց. «Նախորդ իշխանությունների մոտեցումը «ԽԾԲ»–ին իմացել ենք ինչպիսին է եղել, իսկ մեր իշխանության մոտեցումը «ԽԾԲ»–ին տեսնում ենք հենց այս հանգամանքով»։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ինքը կլինի հաջորդ խորհրդարանում, նա նշեց, որ առաջադրվել է ռեյտինգային ընտարցուցակով եւ եթե բավարար ձայներ հավաքի, կլինի 7-րդ գումարման ԱԺ–ում։  Հրաչյա Հակոբյանը հայտնեց, որ ռեյտինգայինով առաջադրվել է 3-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաեւ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Էրիկ Գրիգորյան։

«Հայերեն ասած, չենք նեղվում»,–կատակում է պատգամավորը։

Նա, սակայն, չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր լինելը (Հրաչյա Հակոբյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա հակոբյանբի եղբայրն է-խմբ.) իրեն կօգնի ռեյտինգայինով շատ ձայներ հավաքել, հակառակ պարագայում՝ երեւի կարտագաղթի. «Ես ինչով էլ զբաղվեմ, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն «ԽԾԲ»–ն է պատճառ հանդիսացել, որ այդ գործն եմ անում»։

Պատգամավորը շեշտում է՝ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի քննարկումներին չի մասնակցել, բայց վստահում եմ թիմին։