Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի փակման վերաբերյալ վերջնական որոշում չկա, եւ հարցը քննարկվում է: Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

Նրա խոսքով, այս հարցը համալիր է, եւ Հայաստանի կառավարությունը այս հարցով բանակցային գործընթացում բավական ակտիվ դիրքորոշում է որդեգրել:

Ավինյանը նշեց, որ այդ գործարանը վաղ թե ուշ կփակվի, քանի որ դրա գործունեության պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում էկոլոգիայի եւ հանրային առողջության հարցերում:

«Մենք չենք կարող այդ խնդիրը դիտարկել միայն աշխատատեղերի ապահովման տեսանկյունից», - բացատրեց Ավինյանը՝ հավելելով, որ գործարանը չի համապատասխանել ոչ միայն միջազգային չափանիշներին, այլեւ տեղականներին:

Սակայն, ըստ Ավինյանի, բացի Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակումից տարածաշրջանում նախատեսվում է նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր իրականցնել:

«Ներկայումս քննարկվում է ավելի մեծ պղնձամոլիբդենային կոմբինատի ստեղծման հարցը, որը կարող է մշակել մինչեւ 100 հազար տոննա կոնցենտրատ», - ասաց նա՝ հավելելով, որ կառավարության համար սկզբունքային հարց չէ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի փակման խնդիրը: