Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ֆրանսիացի գործընկերոջ հասցեին գրված թվիթներին, ընդգծելով, որ ամերիկյան ղեկավարը «տարրական պարկեշտություն» չունի:

Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոն, մասնավորապես, նշել է, որ Ֆրանսիան հարգում էր «երեք տարի առաջ Փարիզում եւ Սեն-Դենիում ահաբեկչական հարձակումներում զոհված 130 հայրենակիցների սպանության» հիշատակը: Տարրական պարկեշտությունը տեղին  կլիներ», - հաղորդում է AP-ն:

Հիշեցնենք, որ Թրամփը Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, գրել էր մի քանի թվիթներ, որտեղ խստորեն քննադատել էր Էմանուել Մակրոնին՝ միասնական եվրոպական բանակ ստեղծելու նրա կոչի համար, նաեւ քննադատել  Ֆրանսիայի առեւտրային քաղաքականությունը եւ ծաղրել Մակրոնի ցածր վարկանիշը: