Ժողովրդի կամքի խեղաթյուրում եւ ապօրինի ազդեցություն չի լինելու: Նոյեմբերի 14-ին Ազգային Ժողովում՝ կառավարության ժամի ժամանակ, այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խնդրանքին, որպեսզի Փաշինյանը խոստանա, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արժանապատիվ անցկացման համար Հայաստանում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները:

«Այսօր առավոտյան ոստիկանապետը ինձ տեղեկացրեց, որ այժմ նրանք աշխատում են ընտրացուցակների ուղղությամբ, այդ թվում, թաղման բյուրոների հետ, քանի որ պարզվել է, որ ավելի վաղ մահացած քաղաքացիների մասին տվյալները ստացվել են այդ կառույցներից: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարությունը նպատակ ունի կատարելագործել ընտրացուցակները: Փաշինյանը նաեւ կոչ արեց քաղաքացիներին զգոն լինել եւ թույլ չտալ որեւէ մեկին ապօրինի կերպով օտարերկրացիներին գրանցել իրենց բնակարաններում, քանի որ դա օրենքի լուրջ խախտում է եւ կարող է հանգեցնել որոշակի իրավական հետեւանքների:

Նա նաեւ ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացներում ոչ մի դեպքում չպետք է ներգրավվեն դպրոցի տնօրենները եւ ուսուցիչները, եւ վարչական ռեսուրսները չպետք է օգտագործվեն, ինչպես նախկինում:

«Մենք շատ կոշտ պայքարելու ենք այս երեւույթի դեմ, անկախ նրանից, թե ով է թեկնածուն եւ ինչ քաղաքական ուժ է նա ներկայացնում», - ասաց Փաշինյանը: