Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանn այսօր՝ նոյեմբերի 14-ին, որոշել է նույնը թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը բողոքարկել էր Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը: 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանը Իլհամ Աշկինի գործով կայացրել էր վճիռ հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով: Այս մասին նշել է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Վերաքննիչ դատարանը հրապարակեց վճիռը, որը վերահաստատեց առաջին ատյանի դատավճիռը, այսինքն՝ նրա պատիժը կմնա նույնը՝ 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք եւ մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով»,- հայտնեց Մաթո Հախվերդյանը:

Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, որոշումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 14-ին:

Աշկինը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-ին Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ վանկարկել է. «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Առաջին ատյանի դատարանը նշանակել էր 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք եւ մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով, որն ավելի ծանր պատժամիջոց է, քան պահանջել էր դատախազությունը: