Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:

Շնորհավորելով տիկին Մեյթրոին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաեւ ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի եւ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Դավիթ Տոնոյանը եւ Քլեր Մեյթրոն անդրադարձել են նաեւ ս.թ հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարեւորել կանոնավոր տեսակցությունների եւ ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երեւանում եւ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը: