ՀՀ–ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի,  թուրք հակահայ լոբբիստ Քեւին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Այս տեղեկությունը NEWS.am–ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ըստ դատախազության տվյալների՝  Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափով հարկերի վճարումից։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն էր ստացել Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել թույլատրել Քեմալ (Քեւին) Օքսուզի  հանձնումը ԱՄՆ  իրավասու մարմիններին՝ ԱՄՆ–ում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

Միաժամանակ Թուրքիայի իրավասու մարմիններին հաղորդվել է, որ Ք. Օքսուզին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Թուրքիայի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը Հայաստանի գլխավոր դատախազն ստացել է ԱՄՆ իրավասու մարմիններին նրա հանձնումը թույլատրելու որոշում կայացնելուց հետո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ Օքսուզը մեկ ամսով կալանավորվել էր։