Լոնդոնի կենտրոնում 5-աստղանի Sanctum Soho հյուրանոցի տանիքից գողացվել է ապակեգործվածքից պատրաստված հսկա գորիլլան։ Մոտ 2 մետր բարձրությամբ եւ 160 կգ կշռող Ace-ի արձանը նոյեմբերի 5-ի առավոտյան գողացել են երկու անհայտ անձինք՝ գրում է Daily Mail-ը։

Արձանը ավելի քան 20 000 ֆունտ արժի։ Այն տեղադրվել է մոտ 5 տարի առաջ։ Տղամարդիկ արձանը գողացել են սուրբծննդյան լույսերի փորձարկման ժամանակ։ Ականատեսները կարծել են, թե արձանը տանող մարդիկ հյուրանոցի աշխատակիցներ են եւ նույնիսկ օգնել են նրանց։ Այն հարցին, թե ուր են տանում գորիլլային, նրանցից մեկը պատասխանել է․ «Իմ սիրո այգին»։ Հյուրանոցի սեփականատեր Մարկ Ֆուլլերը խոստացել է, որ գորիլլային անվնաս վերադարձնողը կարող է Բալիի իր հյուրանոցում մեկ շաբաթ ապրել։