Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին շուտով կարող է հեռանալ իր պաշտոնից՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ վիճելու պատճառով՝ գրում է Independent-ը։

Հեռանալու կամ հեռացվելու մասին տեղեկությունները հայտնվել են այն լրատվությունից հետո, թե Մելանյան բողոքել է ամուսնուն, որ Քելին բազմիցս մերժել է իր օգնականներից ոմանց սատարելու մասին իր խնդրանքներն այն դեպքում, երբ Քելիի աշխատողների պաշտոնները պարբերաբար բարձրացվում են։ Թրամփը պահանջել է, որ Քելին կատարի իր կնոջ խնդրանքները։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաշտոնից կարող է հեռանալ անվտանգության հարցերով խարհրդականի տեղակալ Միրա Ռիկարդելը՝ նույնպես Մելանյայի հետ տարաձայնությունների պատճառով։ Առաջին տիկնոջ մամուլի քարտուղարը Ռիկարդելին ազատելու հրապարակային կոչ էր արել՝ նշելով, որ նա «արժանի չէ այդ պաշտոնը զբաղեցնելու պատվին»։