Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաղորդագրությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր։ Այս մասին հայտարարություն է տարածել«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը՝ նշելով, թե չի ընդունում հանձնաժողովի կայացրած որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:

«Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի կողմից տարածված հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր:

Մասնավորապես, հանձնաժողովի կողմից չի իրականացվել ընկերության կողմից արտադրված կարագի նմուշառում, փոխարենը հանձնաժողովի ամբողջ վարույթը հիմնվել է «Hetq.am» կայքում հրապարակված հոդվածում հիշատակվող փորձաքննության եզրակացության վրա, այն պարագայում, երբ հայտնի չէ, թե ինչպես է կատարվել ապրանքի նմուշառումը. արդյոք պահպանվե՞լ է պատշաճ ընթացակարգը:

Վերոնշյալը մատնանշվել է ընկերության ներկայացուցիչների կողմից, սակայն հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել: Փոխարենը՝ վարույթի շրջանակներում նույն խնդրահարույց նմուշը ենթարկվել է կրկնակի փորձաքննության նույն փորձագիտական ընկերության կողմից, ինչը հանձնաժողովի հրապարակման մեջ ներկայացվում է որպես հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված մեկ այլ փորձաքննություն:

Հրապարակման մեջ նշվել է նաև, որ հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Հանձնաժողովի նման հայտարարությունը չափազանց խնդրահարույց է այն պարագայում, երբ ընկերությունը սեփական «անմեղությունը» ապացուցելու որևէ պարտականություն ըստ օրենքի չունի: Ավելին, վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք հանձնաժողովի կողմից հաշվի չեն առնվել:

Հանձնաժողովի դիրքորոշումը ընդունելի չէ, քանի որ տարիներ շարունակ ընկերությունը առաջնորդվել է, այո՛, «Մեր գործն արդար է» կարգախոսով և միշտ  բարձր մակարդակի վրա է պահել, և որպես կաթնամթերքի հումքի աղբյուր՝ ընկերությունը ունի  սեփական 1500 գլուխ կաթնատու ցեղատեսակի կով, ուստի ավելորդ է  համարել երբևէ փնտրել անգամ կաթնամթերքի հումքի այլընտրանքային աղբյուր. արտադրանքը եղել է միշտ սեփական կովերի անարատ կաթից»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: