ՔՊ վարչությունը հաստատել էր չափորոշիչներ, որոնցով պիտի ընտրվեին ցուցակի թեկնածուները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանը։

«Չէի ասի, թե հեշտ էր ընտրությունը, քրտնաջան աշխատանքի արդյունք էր»,– ասաց նա։

Յուրաքանչյուրը կարող էր մոտենալ ՔՊ վարչության որեւէ անդամի, ասեր, որ ուզում է  թեկնածության հայտ ներկայացնել։ Վարչության անդամը իրավունք ուներ առաջարկելու նրա թեկնածությունը։ Ավելի ուշ ՔՊ վարչության անդամների հանձնաժողովը սահմանված չափորոշիչներով քննել է հայտերը, ապա հավակնորդներին ներառել նախընտրական ցուցակ կամ մերժել։ ՔՊ կուսակցության անդամները այդ ֆիլտրով չէին անցնում, քանի որ նրանց ճանաչում էին։ 

Նախընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու չափորոշիչները հետեւյալն էին՝ բարձրագույն կրթություն, լեզուների իմացություն, հասարակության մեջ զբաղեցրած դիրք, քաղաքականացվածության աստիճան, ՔՊ անդամություն։ Ընդ որում, ՔՊ անդամ լինելը ամենացածր միավորն էր բերում։ «Եթե որոշ չափորոշիչներ 10 բալային համակարգով 7 բալ էին բերում, կուսակցության պատկանելությունը ընդամենը 3 բալ էր տալիս»,– ասաց Հովիկ Աղազարյանը։

Ընտրությունը մեծ է եղել. ՔՊ անդամներից բացի եւս 500 հոգի մրցել է՝ ցուցակ մտնելու համար։ 

Լրագրողները չափանիշների ֆիլտրով անցել են ու փաստի առաջ կանգնեցրել ՔՊ վարչությանը. «Մենք որ ստեղծել էինք այդ բալային համակարգը, նրանք անցան, հետո մենք հայտնաբերեցինք, որ բավականին վտանգավոր ներկայացվածություն ունեն լրատվամիջոցների ներկայացուցիչները մեր ցուցակում՝10 տոկոս, բայց արդեն ուշ էր, հաշտվեցինք այդ մտքի հետ, ասացինք՝ լավ, ոչինչ, շատ սարսափելի չէ»։

Մարզպետները եւս տարածքայինից բացի ներառվել են նաեւ համապետական ցուցակ, քանի որ պարզ չէ, որ ընտրություններից հետո կպաշտոնավարեն իբրեւ մարզպետ։

Հովիկ Աղազարյանն ասաց, որ նախարարներն ու մարզպետները վարչական լծակներ չեն կիրառի, քանի որ ոչ թե քաղաքական հակառակորդի, այլ գործընկերոջ քարոզարշավի վրա կարող է ազդել․ կբացահայտվի եւ կստանա արժանի գնահատական։

Մամուլի հրապարակումները, թե Փաշինյանը «Իմ քայլի» նախընտրական ցուցակը պատռել է, Հովիկ Աղազարյանը հերքեց։ Ասաց, միջադեպ եղել է, բայց ոչ թե պատռել է, այլ բարկացել, որ վարչապետի իր ժամանակը ռացիոնալ չեն օգտագործել. «Չնայած մենք դա արել ենք հիմնականում աշխատանքից հետո, բայց գիտենք, որ վարչապետը աշխատում է մինչեւ ժամը 10-ը, մի քիչ ռացիոնալ չէինք օգտագործել, բարկացավ, ուղղակի, այդքան բան»։

Հեղափոխության ժամանակ քայլելու դիմաց նախընտրական ցուցակ ներառելու հարցը Հովիկ Աղազարյանն առաջարկում է չշահարկել. «Որովհետեւ եթե քայլելուն նայենք, քայլած մարդիկ բավականին քիչ են. սկզբի օրերին ընդամենը 10 հոգի էինք, հասանք Երեւան, ասենք՝ դարձանք 100 հոգի, բայց այդ 100 հոգու մեջ մարդիկ կային, որոնք ընդամենը 2 օր են քայլել։  Հետո Երեւանում արդեն շատ քայլեցին, բայց ամբողջ ազգն էր քայլում՝ ամբողջ ազգը չի կարող պատգամավորի թեկնածու լինելու հայտ ներկայացնել»։

Ի դեպ, նախընտրական ցուցակ ներառված ԱԺ պատգամավորները քարոզարշավի ընթացքում աշխատավարձ չեն ստանալու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։