Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում, եւ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։ Այս մասին «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի աղմկահարույց հայտարարությանը։

«Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։ Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը»,– ասել է Մասիս Մայիլյանը։

ԱԳ նախարարը շեշտել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ իրենք հայտնել են իրենց դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ. «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին»։