Երեւանում օրերս 20–ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու մեջ կասկածվող Իլլարիոն Նունուշյանը որպես կասկածյալ հարցաքննվել է։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

«Իմ պաշտպանյալը նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքը դիտավորություն չի ունեցել սպանելու կամ տուժողին վնաս պատճառելու»,– ասաց պաշտպանը։

Մարինե Ֆարմանյանը նշեց, որ ամուսինները նախկինում վիճաբանություններ են ունեցել, պատճառներից մեկն էլ այն է եղել, որ 20–ամյա կինն իրենց մանկահասակ երեխային մանկատուն է հանձնել։ Պաշտպանը հայտնեց նաեւ, որ 30–ամյա տղամարդը հաշվառված է հոգեբուժարանում, եւ առաջիկայում ամենայն հավանականությամբ, կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք նա մեղսունակ է, թե ոչ։

Նշենք, որ Իլլարիոն Նունուշյանին այսօր մեղադրանք կառաջադրվի։

Ավելի վաղ հայտնել ենք, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ։

Կնոջ մահից հետո հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը)։ Տղամարդը ձերբակալվել է։