ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպասումներն անիրական են։ Այս մասին «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Բոլթոնի այն հայտարարությանը, թե Հայաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։

«Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։ Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են»,– ասել է Արցախի ԱԳ նախարարը։