Լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստն սկսելուց առաջ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է  կառավարությունը:

«Մենք խնդիր ենք դրել, որ երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրություններն անցկացնել: Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, պետք է բացառել հանրակրթության ոլորտի ներքաշումը ընտրական գործընթացների մեջ, արմատախիլ անել վարչական լծակների օգտագործումը ընտրողներին ուղղորդելու համար. «Մեր ընտրություններում եղել է «ասողների» ինստիտուտը, երբ ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Դա պետք է բացառել եւ ընտրողի որոշումը պետք է ձեւավորվի քարոզարշավի, քաղաքական բովանդակության արդյունքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել նաեւ անգամ մեկ քվեաթերթիկի ներառումը մեկ այլ տրցակում, ընդ որում ոչ միայն միջկուսակցական, այլ նաեւ ներկուսակցական կոնտեքստում:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին Փաշինյանն ասաց, որ այդ հարցում իրավապահ մարմինները պետք է նաեւ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանեն, որ բանը չհասնի պատժելուն:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ ընտրացուցակներից, որ պետք է բացառել մեկ ընտրական տարածքից մեկ այլ ընտրական տարածք «միգրացիան»: