Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 15-ի իր նիստում մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:

նախաձեռնության հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից: Այսօր պարտադրվում է, որ առեւտրային ցանցերը որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների եւ մսամթերքների ամենամեծ սպառողները այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսից եւ ՌԴ-ից մսամթերքի ներկրումը: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600-ից 3700 դրամով, իսկ բելառուսականը 2800-2900 ՀՀ դրամով: Նույն պատկերը տիրում է նաեւ հայկական միրգ բանջարեղենի շուկայում:

Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ այլ հավասար պայմաններում հարկային համակարգը նույնն է եւ եթե խախտում չկա, հարկերը չեն կարող ազդել գնի վրա: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքի գինն ավելի ցածր է, որի պատճառն այն է, որ մեր գյուղատնտեսությունը բավարար չափով արտադրողական չէ եւ մրցունակ գներով չի կարողանում իրացում ապահովել: ջանջուղազյան ասաց, որ եթե այս նախագիծն ընդունվի, իրենք դրանով կսուբսիդավորեն գյուղատնտեսությունը եւ ավելի թույլ կլինի ձգտումն՝ ունենալ մրցունակ արտադրանք:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ նկատեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման: