Ճիշտ կլինի, որ Հանրապետականը լինի խորհրդարանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Կուսակցության համապետական ցուցակում ընդգրկված են քաղաքական դեմքեր, այն կուրիոզ դեմքերը, որոնց համար մեզ մեղադրում էին, ՀՀԿ–ի հետ չեն, անցել են գործող իշխանության կողմը կամ չեն անցել։ ՀՀԿ–ի մասնակցությունն ընտրություններին ճիշտ էր, որ խորհրդարանում լինի պրոֆեսիոնալ ընդդիմություն, չունենանք միակուսակցական համակարգ։ Ապագայում մեզ բավականին լուրջ վտանգներ են սպասվում, այդ պատճառով պետք է լինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ կարող է լինել փաստարկված ընդդիմություն»,– ասաց Մարգարիտ Եսայանը։

Հարցին՝ արդյոք «Slaq.am»–ի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանի՝ ցուցակում լինելը չի վնասի Հանրապետականին, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր թեկնածու իր անելինք ունի, իր դերն ու տեղը պատկերացնում է, չեմ կարծում՝ ցուցակը կազմվել է, որ որեւէ մեկը վնասի Հանրապետականին»։

Թե ով է Հանրապետականի դեմքը, պատգամավորն արձագանքեց. «Հանրապետականի դեմքը ես եմ»։

Նշենք, որ ՀՀԿ–ի համապետական ցուցակում ընդգրկված է 125 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը։