Հայաստանի ներկայիս իշխանությունը Ղարաբաղի հարցով շարունակում է նախկին ղեկավարության քաղաքականությունը: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նախկին իշխանությունը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացավ գլոբալ իմաստով հետ մղել Ադրբեջանի ագրեսիան, սակայն հակառակորդին 800 հա հող զիջեց, ինչն անթույլատրելի է:

«Հայաստանի ներկայիս իշխախունությունն, ըստ էության, այս ամբողջ ընթացքում շարունակել է նախկին իշխանությունների քաղաքականությունը», - հավելեց Փոստանջյանն՝ ընդգծելով, որ իրականում երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունում ոչինչ չի փոխվել:

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը նաեւ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը պատրաստ է գնալ տարածքային զիջումների ինչ-որ ֆինանսական արտոնությունների դիմաց:

Սակայն Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե նրանք գնան դրան, ապա հայ հասարակությունը «նրանց չի ների այդ դավաճանությունը, իսկ իշխանությունը նույն ճակատագրին կարժանանա, ինչ 1915-ին Ցեղասպանության կազմակերպիչները»: