Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է դեռեւս ապրիլյան պատերազմից հետո, «ՀՅԴ» խմբակցության առաջարկն էր, ապա նախագահ Սարգսյանը հանձնարարեց Ազգային անվտանգության քարտուղարին եւ Ազգային անվտանգության խորհրդին ներկայացնել առաջարկություններ դրա վերաբերյալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր է կնքվելու։

«Երբ որ գա ժամանակը, դրա անհրաժեշտությունը լինի, մենք կխոսենք այդ մասին: Մենք տեսնում ենք շատ լուրջ մտահոգություններ, մարտահրավերներ ոչ միայն ազգային անվտանգության, ոչ միայն արժեքային համակարգի, այլ նախ եւ առաջ Ղարաբաղյան հարցում որոշակի ստորջրյա հոսանքների հետ կապված: Եվ այդ իմաստով մենք՝ ՀՀԿ-ականներս, մասնակցելու ենք ընտրություններին՝ հիմքում ունենալով թիվ մեկ խնդիր. դա Արցախի հարցում որեւէ միակողմանի զիջման չգնալն է, մենք նպատակ չունենք նշելու, որ այսօրվա իշխանությունը ազգադավ է, կամ ուզում է գնալ զիջումների, նման խնդիր չունենք, մենք «դիշովի» պոպուլիզմով չենք զբաղվում: Մենք պարզապես ասում ենք, որ կա լուրջ մարտահրավեր, եւ մենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, մի ուժ, որի հիմքում ընկած է եղել Հայաստանի անկախության հռչակումը եւ Արցախյան շարժման մեջ հայանպաստ լուծումը, անելու ենք ամեն ինչ՝ դրա համար ներդնելու մեր փորձը, կապերը, գիտելիքները, մեր պայքարի ներուժը, որպեսզի թույլ չտանք Արցախյան հիմնահարցում որեւէ անցանկալի զարգացում»,– ասաց Շարմազանովը։

Ցանկալի զարգացումը, ըստ ՀՀԿ–ական պատգամավորի, հետեւյալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ հարցերի հարցը ոչ թե տարածքներն ու փախստականներն են, այլ Արցախի կարգավիճակը. «Երկրորդը՝ մենք նաեւ դեմ ենք այն դիրքորոշմանը, թե Արցախի ժողովուրդը մենակ թող որոշի, ինչ ուզում է. ոչ, սա ուղղակի կնշանակի Արցախին միայնակ թողել մարտահրավերին դեմ հանդիման»:

Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ համարեց տարբեր հարթակներում Արցախի հիմնախնդրի շուրջ շրջանառվող թեզերը. «Էն, ինչ խոսվում է, թեկուզ անուղղակի, տարբեր միջազգային փորձագետների կողմից, տարածքներ խաղաղության դիմաց, մեզ համար անընդունելի է եւ կտրականապես մերժելի է: Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է, իսկ պատճառները վերացնելու համար նախ եւ առաջ պետք է Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ ժողովրդի իրավունքի ամբողջական իրացումը, այսինքն՝ ճանաչի, որ ԼՂ ժողովուրդն է հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը, այլ կարծիք լինել չի կարող: Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա փաստ է, եւ մնացած բոլոր գործողությունները՝ տարածքներ, փախստականներ, ածանցյալ են, դրանք հետեւանք են, այլ ոչ թե պատճառ: Եվ եթե համանախագահները կամ որեւէ միջազգային փորձագետներ, ԱՄՆ ներկայացուցիչներ կամ այլ համանախագահ երկրների ներկայացուցիչներ խոսում են անուղղակի, թեկուզ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով, մեզ համար կտրականապես դա անընդունելի է, որովհետեւ պետք է լուծվեն ոչ թե հետեւանքները, այլ պատճառները»: