Պատրաստվում է Հայաստանի կառավարության որոշումը Վրաստանի սահմանին մնացած աջակողմյան ղեկով մեքենաների խնդրի լուծման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ որոշման համաձայն՝ թույլ կտան ավտոմեքենաները երկիր ներկրել այն պայմանով, որ տարվա ընթացքում ղեկի տեղադրությունը աջից ձախ փոխվի: Ընդ որում՝ եթե նախկինում խոսքն այն մասին էր, որ այդ ժամանակահատվածում հնարավոր կլինի ավտոմեքենաները շահագործել, ապա հիմա, նախարարի պաշտոնակատարի խոսքից պարզվեց, որ շահագործումը կարգելվի մինչեւ գրանցումը:

Դիտարկամանը, թե մեքենայի վերասարքավորումը լուրջ հետեւանքներով է հղի, Հակոբ Արշակյանն անխռով հայտարարեց, որ նախկինում էլ են վերասարքավորել Վրաստանում: Արշակյանի խոսքով՝ եթե դա էժան անեն, ապա, իհարկե, անորակ կստացվի: Իսկ ահա, եթե գործով զբաղվեն որակյալ մասնագետները, ապա ոչ մի խնդիր չի առաջանա:

Տեխանձնագիր տրամադրելիս այս մեքենաների դեպքում կստուգվի ոչ միայն արգելակման համակարգը, այլեւ ղեկային աշտարակը: Խնդիրների դեպքում, բնականաբար, մեքենան չի գրանցվի:

Մեկնաբանելով մեքենաների այս խմբաքանակը բաց թողնելու, իսկ այնուհետեւ ընդհանրապես ներկրումն արգելելու առաջարկը՝ նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ ինքն անձամբ ոչինչ անել չի կարող, քանի որ «ոստիկանությունը դեմ» է աջակողմյան ղեկով մեքենաներին:

Այս համատեքստում նշենք, անցած կես տարում ճանապարհային ոտիկանության ամբողջական թողտվությամբ Հայաստանում ճանապարհային պատահարների թիվն աճել է ռեկորդային՝ 58 տոկոսով: Սակայն ոստիկանության թիվ մեկ խնդիրը աջակողմյան ղեկով մեքենաներն են: Ինչպես նախկինում, պատճառաբանությունն այն է, որ Հայաստանում երթեւեկությունը աջակողմյան է:

Փաստացի կրկնելով իր նախորդի՝ Վահան Մարտիրոսյանի բառերը, Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ մեծ թվով աջակողմյան ղեկով մեքենաներն անթույլատրելի են, որովհետեւ երթեւեկությունն աջակողմյան է: Նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց քննարկել վիճակագրական տվյալները, ինչից հետեւում է եզրահանգումը, որ աջակողմյան ղեկով մեքենաներ տեսնելու ցանկություն չունենալը թելադրված է էսթետիկական նախապատվություններով:

Արշակյանն այնուհետեւ հղում կատարեց վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանն այն մասին, որ այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է: Վիրավորվածության նոտայով նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Ղեկն աջից» նախաձեռնության ակտիվիստները իշխանություններին մեղադրում են այն բանում, որ կրկնում են նախորդ իշխանությունների գործողությունները: «Իսկ ո՞վ է ձեզ խանգարում արհեստանոց բացել եւ փող աշխատել (ղեկի տեղադրության փոփոխությամբ)»,- «հայտնագործություն» կատարեց Հակոբ Արշակյանը: