ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին հորդորում է կողմնորոշվել՝ իրենք ընդդիմություն են, թե իշխանություն։ 

Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողներն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Մարուքյանի այն հայտարարության վերաբերյալ, որ մի կերպ էին պրծել Հանրապետականից ու հիմա նորից ՀՀԿ–ն առաջադրվում է։

«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողմնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ գաղափարախոսություն ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի, կեսի, կեսի չափ լավ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ քայլն» է, գոյություն չունի, ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադություն մի արեք։ Մարուքյանին հաստատ նեղություն չեմ տա, որ խաշի սեղանի հաշիվը փակի»,– ասաց Շարմազանովը: