Եվրախորհրդարանի Brexit-ի հարցերով համակարգող Գի Վերխոֆշտադտը հույս է հայտնել, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք իսկապես ցավում ենք Brexit-ի կապակցությամբ, քանի որ Բրիտանիայի պես նշանակալի, մեծ երկիրը, լքում է ԵՄ-ն: Դա դեռ վերք է: Ես անձամբ, հույս ունեմ, որ մի օր Բրիտանիան կվերադառնա ԵՄ կազմ», — Ստրասբուրգում ասուլիսին ասել է նա:

Բրիտանիայի կառավարությունը չորեքշաբթի երեկոյան հաստատել էր ԵՄ-ի հետ Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, ինչի մասին հայտնել էր վարչապետ Թերեզա Մեյը:

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի երեկոյան հրապարակել էր Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը, որը ներառում է այս գործընթացի բոլոր հիմնական ասպեկտները` անցումային շրջանը, ֆինանսական կարգավորումը, քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ ներառում է Իռլանդիայի, Ջիբրալթարի եւ Կիպրոսի վերաբերյալ արձանագրությունները: Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին: