Ռուսաստանին ձեռնտու է 70 դոլարի սահմաններում մեկ բարելի դիմաց նավթի գինը: Այս մասին Արեւելասիական գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է օպտիմալ գին եւ «արտադրողների եւ սպառողների համար», իսկ մեկ բարելի դիմաց 70 դոլարի գինը «մեզ համար հարմար է», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նավթի ներկայիս գինը կայուն չէ, այն կարող է բարձրանալ եւ դրա վրա մի շարք գործոններ են ազդում:

Ռուսաստանի նախագահը Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նավթի գների հարցը:

«Վերջին տարիներին ԱՄՆ-ն զգալիորեն ավելացրել է արդյունահանումը, ինչն, անշուշտ, ազդում է երկրի ներսում սպառման վրա», - ավելացրել է  նա:

Բացի այդ, երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել OPEC+-ի շրջանակներում, «ձեւաչափը դրական է», դա ակնհայտ է շուկայի իրավիճակով:

«Պետք է  արդյոք սահմանափակել նավթի արդյունահանումը, թե ոչ, դեռ ոչինչ չեմ ասի, ասյտեղ պետք է շատ զգույշ լինել, ամեն մի բառը  նշանակություն ունի եւ արտահայտվում է դաշնային բյուջեի եկամուտներում», – ասել է Պուտինը: