ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միրա Ռիկարդելի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալի ազատման մասին: Դա տեղի է ունեցել մեկ օր հետո երբ, Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի գրասենյակը կոչ է արել  Ռիկարդելիին պաշտոնանկ անել, քանի որ  նա «արժանի չէ Սպիտակ Տանն աշխատել», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Միրա Ռիկարդելը Սպիտակ տանն աշխատել է մոտ 7 ամիս, նրան անվանում էին Ջոն Բոլթոնի աջ ձեռք: Հենց Բոլթոնն էր նրան աշխատանքի հրավիրել: Վարչակազմի երկու պաշտոնյաները Reuters-ին պատմել են, որ Սինգապուրում գտնվող Բոլթոնը փորձել է պահել իր տեղակալի տեղը, սակայն «պարտվել է այդ մարտում»:

Reuters-ի աղբյուրների տվյալներով Միրա Ռիկարդելի եւ Մելանյա Թրամփի միջեւ վեճը սկսվել էր առաջին տիկնոջ Աֆրիկա ուղեւորության նախապատրաստման ժամանակ: վեճի պատճառներից մեկը աֆրիկյան շրջագայությունը ազգային անվտանգության խորհրդի հիմնադրամից ֆինանսավորելն էր:

Առաջին տիկնոջ գրասենյակը նախկինում հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով նախագահին ազատել  Ռիկարդելին: Ըստ Ստեֆանի Գրիշեմի՝ Մելանյա Թրամփի խոսնակի, Ռիկարդելն «այլեւս արժանի չէ աշխատել Սպիտակ տանը»: Գրիշեմը շեշտել է, որ սա «առաջին տիկնոջ գրասենյակի» պաշտոնական դիրքորոշումն է:

Մի քանի աղբյուրներ Reuters-ին պատմել են, որ Սպիտակ տանը վեց ամսվա աշխատանքի արդյունքում Ռիկարդելը վատ վարկանիշ է ձեռք բերել: Վարչակազմում ասում էին, որ նա կոպիտ եւ անքաղաքավարի էր շփվում ինչպես  ենթակաների, այնպես էլ բարձրաստիճան գործընկերների հետ: