Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է։

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանի՝ օգոստոսի 13- ին  կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները։

Միաժամանակ, դատարանը տեղեկացրեց, որ գործով հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ Այս որոշումը բողոքարկել էր թե գլխավոր դատախազությունը, թե պաշտպանական կողմը: Վերջիններս համարում էին, որ այլ հիմքեր եւս կան Քոչարյանին ազատ արձակելու համար: