ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր Վճռաբեկ դատարանում բողոքի քննությանը, սակայն, որոշման հրապարակմանը ներկա չէր։

Լրագրողները Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Քոչարյանը հեռացել է, քանի որ իմացել է՝ դատարանում լրագրողներ կան։

«Ոչ ես, ոչ ինքն առանձնապես տեղյակ չէինք, որ լրագրողներն այստեղ են։ Չեմ կարծում, որ երկրորդ նախագահը չէր ցանկանում շփվել լրագրողների հետ։ Պարզապես 3 ժամ է՝ այստեղ էինք, հնարավոր է՝ ես էլ չլինեի այստեղ, որոշեի 5 րոպեով դուրս գալ․ դա չէր նշանակի, որ հատուկ ձեր պատճառով էի հեռացել»,– ասաց Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ  ՀՀ վճռաբեկ դատարանը դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 15–ին, որոշում կայացրեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկը մերժել է։