Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը արգելել է մենեջերներին  ընկերության գրասենյակում Apple սմարթֆոններ օգտագործել՝ պարտավորեցնելով դրանք օգտագործել Android համակարգով, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով The New York Times-ին:

Ըստ հրատարակության, այսպիսով Ցուկերբերգը պատասխանել է Apple-ի գլխավոր ղեկավար Թիմ Քուկի՝ Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման քաղաքականության մասին քննադատությանը:

«Մենք չենք պատրաստվում ձեր անձնական կյանքը վաճառել, մեզ համար դա մարդու եւ քաղաքացու իրավունքներից մեկն է», —մարտին MSNBC-ին տված հարցազրույցում ասել էր Քուկը:

Apple-ի ղեկավարի հայտարարությունը հնչել էր Facebook-ի եւ Cambridge Analytice բրիտանական ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը ստացել էր սոցցանցերի ավելի քան 80 մլն օգտատերերի տվյալները:

Ընկերությանը մեղադրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ համագործակցելու եւ 2016 թ. նախագահական մրցավազքում քաղաքական նախասիրությունները գնահատելու նպատակով օգտատերերի տվյալները հավաքելու մեջ:

Մայիսին Cambridge Analytica-ն հայտարարել էր սնանկության մասին եւ փակվել, իսկ  Ցուկերբերգը խոստովանել էր սխալը`նշելով, որ ընկերությունը պատրաստ չէ արտահոսքի: