Վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է։ Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Երբ որ որոշումն ամբողջությամբ կստանամ, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել։ Շատ մեծ հավանականություն կա, որ կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասաց նա։

Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 15–ին, որոշում կայացրեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկը մերժել է։ Հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, ըստ որի՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտապանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136֊-րդ հոդվածի 2֊-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան: https://news.am/arm/news/481273.html

«Նիստի ընթացքում Սերժիկ Ավետիսյանի տված հարցերից ես հասկացա, որ նա կարծում է՝ նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցերն օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ, եւ դա պետք է Սահմանադրական դատըարանի լուծմանը ներկայացվի»,– ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ իր փաստարկներն է ներկայացրել դատարանին։