Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի իրավական որակումը չի փոխվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, ՀՀ վճռաբեկ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Քոչարյանին մեղսագրվող գործողությունները և մեղադրանքը չի փոփոխվել, պարզապես մեղադրանքում բառերի քանակն է ավելացել, այլ փոփոխություն, բացի բառերի քանակից՝ չեմ նկատել»,– ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը և այն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։