Հաքերներ Ռիչարդ Չժուն եւ Ամատ Կաման 50 000 դոլար են ստացել, քանի որ հայտաբերել են iOS 12.1-ի խոցելիությունը, որը թույլ է տալիս վերականգնել եւ ստանալ iPhone X-ից ջնջված լուսանկարները եւ այլ ֆայլերը։

Forbes-ը գրում է, որ պարգեւը հաքերներին տրվել է Տոկիոյում անցկացված Mobile Pwn2Own կիբեռանվտանգության մրցույթի շրջանակներում։

Երբ օգտատերը iPhone X-ից ջնջում է լուսանկարը, iOS-ը տեղեկացնում է, որ այն կջնջվի նաեւ iCloud ամպային պահոցից։ Եթե հեռախոսի տերը, այնուամենայնիվ, ջնջում է նկարը, ապա այն անցնում է «Վերջերս ջնջվածներ» թղթապանակի մեջ։

Մրցույթի ընթացքում հաքերները պարզել են, որ հնարավոր է հեռահար հասանելիություն ունենալ այդ թղթապանակին եւ ստանալ այնտեղ գտնվող ֆայլերը։

Apple-ը տեղեկացվել է այդ մասին, սակայն չի նշել, թե երբ կհայտնվի թարմացումը, որտեղ այդ խնդիրը լուծված կլինի։

Նշենք, որ մրցույթի շրջանակներում Չժուն եւ Կաման նաեւ գտել են Android սարքերից, ներառյալ Samsung Galaxy S9-ը եւ Xiaomi Mi6-ը, տեղեկատվություն գողանալու եղանակը։