Հայուհի Հռիփսիմե Մաթեւոսյանը ընդգրկվել է հանրահայտ Forbes ամսագրի կազմած 2019-ի՝ արդյունաբերական ոլորտում 30 երիտասարդ նորարարների ցուցակում:

Ամսագիրը ցանկով առանձնացրել է 2019-ին ռոբոտաշինության, ավտոմատացման, 3D տպման, թռչող նկարահանող սարքերի եւ ինքնակառավարվող փոխադրամիջոցների արտադրության ոլորտում 30-ից ցածր տարիք ունեցող լավագույն 30 նորարար ձեռներեցներին: Նրանք գործարանների եւ գյուղատնտեսության աշխատանքն առավել արդյունավետ են դարձնում` ստեղծելով նոր ռոբոտներ, սենսորներ, հին ապրանքները վերաթողարկելով թարմացված տարբերակներով:

Հռիփսիմե Մաթեւոսյանը մաթեմատիկոս է, ինժեներ, օդատիեզերական ոլորտի երիտասարդ փորձագետ, որ հասցրել է հիմնադրել իր սեփական ստարթափ ընկերությունը, որն զբաղվում է բարձր որակի նկարներով եւ աշխարհատարածքային տվյալներով:

Forbes-ը Մաթեւոսյանի մասին գրում է. «Հռիփսիմե Ռիմա Մաթեւոսյանը Swiftera-ի համահիմնադիրն է. ընկերությունը նկարահանումներ է անում դրոններից բարձր եւ տիեզերական արբանյակներից ցածր բարձրության վրա թռչող տեսախցիկի միջոցով»:

Բացի Մաթեւոսյանից` ցուցակում հայտնվել են Embark-ի հիմնադիրներ Ալեքս Ռոդրիգեսն ու Բռանդոն Մոուքը, Aeye-ի համահիմնադիր Ջորդան Գրինը, Shone-ի հիմնադիրներ Ուգո Վոլմերը, Կլեմենտ Ռենոն եւ Անտուան դե Մալեփրադը եւ ուրիշներ: