Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներգրավված է ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ճակատագրի հետ կապված գործընթացին:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծման վերաբերյալ արտահերթ զեկույցը ներկայացնելիս նրան են դիմել Կարեն Ղազարյանի ծնողները, օմբուդսմենի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են Ղազարյանի ծնողներին: 

«Նրանք վախենում են, որ որդու նկատմամբ խոշտանգումներ կկիրառվեն՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը: Ինչպես գիտեք, Ադրբեջանի իշխանությունները փորձում էին նրան դիվերսանտ ներկայացնել: Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, նա երբեք չի ծառայել, եւ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ծնողները գանգատվում են, որ որդու մասին քիչ տեղեկություններ ունեն»,- նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ: