Facebook ընկերությունը մտադիր է հաջորդ տարեվերջին անկախ հանձնաժողով ստեղծել, որը կքննարկի տեղաբաշխվող էջի եւ սոցցանցի կանոնների խախտման պատճառով հաղորդագրությունների հեռացման առիթով օգտատերերից ստացվող գանգատները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի բլոգը:

Ավելի վաղ Facebook-ը հերթական զեկույցն էր տարածել այն մասին, թե ինչպես է ընկերությունը պայքարում սոցցանցի կանոններով արգելված տարբեր հրապարակումներով, այդ թվում՝ բռնության, ագրեսիայի եւ ատելության այլ դրսեւորումների կոչեր պարունակող հաղորդագրություններով էջերի դեմ: Ըստ զեկույցի՝ ընթացիկ տարվա ապրիլից սեպտեմբեր Facebook-ում անցած հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի շատ են նման հաղորդագրություններ հեռացվել: Սոցցանցն այս ժամանակահատվածում արգելափակել է նաեւ 1,5 մլրդ կեղծ էջեր:

Ցուկերբերգը հայտնել է, թե հանգել է այն եզրակացության, որ Facebook-ն այս կամ այն էջի թույլատրելիության վերաբերյալ չպետք է միայնակ որոշում ընդունի: Օգտատերերը հիմա հնարավորություն ունեն կոնկրետ հաղորդագրությունը հեռացնելու սոցցանցի որոշումը վիճարկել, սակայն նման գանգատները քննարկում են ընկերության աշխատակիցները: Սրա հետ կապված, Ցուկերբերգի խոսքով, ինքը Facebook-ին առընթեր անկախ վերահսկիչ մարմնի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում, որը նման դեպքերն ինքնուրույն կքններ:

Հաղորդվում է, որ նման հանձնաժողովը կստեղծվի 2019 թվականի վերջին: