Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե անակնկալի է եկել՝ իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով։

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նա երկար ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել ՀՀԿ–ի ներսում, այդպես էլ չպատասխանելով՝ վերջիվերջո անակնկալի եկե՞լ է, թե՞ ոչ. «Քննարկումներ են տեղի ունեցել, երբ ՀՀԿ–ն գումարեց խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացվեց նախընտրական ծրագիրը եւ որոշում ընդունվեց։ Քանի որ ընտրությունները արագացվեցին եւ ՀՀԿ–ն չհասցրեց  համագումար գումարել, ընտրություններից հետո է ՀՀԿ–ն ձեռնամուխ լինելու կուսակցության արդիականացմանը եւ երիտասարդացմանը»։

Նա նշեց, որ արդիականացման եւ երիտասարդացման լավագույն ապացուցն այն է, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ՀՀԿ–ի երիտասարդական թեւի ներկայացուցիչները. «Այս գործողությունները Գեղարքունիքի մարզում նախկինում էլ էին տեղի ունեցել  եւ դրա վառ վկայությունը, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ՀՀԿ–ի երիտասարդական թեւի ներկայացուցիչները»։

Նա հաստատեց՝ ռեյտինգայինով չի առաջադրվել, որ հնարավորություն տա երիտասարդներին առաջադրվել. «Քննարկումների եւ համաձանության արդյունքում իմ որոշումն է եղել չընդգրկվել ռեյտինգային ընտրակարգով հնարավորություն տալով երիտասարդներին առաջադրվել»,–նշում է նախկին մարզպետը։

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, իր համաձայնությունը եղե՞լ է ցուցակում ընդգրկվելու հարցում, թե՞ ոչ, որին ի պատասխան Ռաֆիկ Գրիգորյանը պնդեց՝ մինչեւ ցուցակ կազմելը իր հետ համաձայնեցվել է։ «Ինչպե՞ս կարող է առանց իմ համաձայնության նման բան լինել։ Չկա նման բան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։  Նրանց թվում Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։