Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ խնդիր չունի եւ հանգիստ զբոսնում է  Երեւանի կենտրոնական փողոցներով, իսկ նախորդ իշխանություններն անգամ թիկնապահներով մի կերպ էին շրջում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Նախկին իշխանությունները կարմիր լույսի տակ չէին կանգնում, Ա կետից Բ կետ գնալու համար պարալիզացնում էին քաղաքը, իսկ այսօրվա վարչապետը երբ Ա կետից Բ կետ է գնում, ոչ ոք դա չի նկատում»,-ասաց նա:

Հրաչյա Հակոբյանն անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենց կառավարության անդամներն ու պաշտոնյաները անփորձ են, ասաց. «Մեզ մեղադրում են անփորձության մեջ: Երկրում իշխանափոխություն է եղել, դեռ երկար այդ խմորումները կլինեն, դեռ երկար նախարարներ կփոխվեն, դեռ շատ կադրեր կտեսնենք»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե նոր խորհրդարանում կառավարությունը կունենա բացարձակ մեծամասնություն եւ իրեն հնազանդ ԱԺ. «Բավականին քաղաքական ցուցակ է եւ ԱԺ-ն կկարողանա հակադարձել կառավարությանը: Մեր կուսակցության ներսում բազմակարծությունը միշտ եղել է: Մենք այնպիսի բանավեճեր ենք ունեցել, որ ես վստահ եմ, որ կուսակցությունը լինելով իշխանություն, այդ բանավեճերը կուսակցությունից տեղափոխվել են քաղաքական դաշտ: Եթե կառավարությունը խնդիրներ էլ ունենա, դրանք կլուծվեն: Բայց ասել, որ ԱԺ-ում կոճակ սեղմող են լինելու, դա այդպես չի»,-ընդգծեց նա: