Նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել չմասնակցել ընտրություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցության 6 պատգամավորներ չկան ԲՀԿ նախընտրական ցուցակում, նա նշեց. «Հարցի բովանդակությունը մի փնտրեք արդարացնելու կամ չարդարացնելու հետ կապված, մենք քաղաքական դաշտում ենք գտնվում եւ քաղաքական իրողություններ կան, քաղաքական իրավիճակ է, եւ մենք հարգում ենք բոլոր մեր թիմակիցների կարծիքը եւ հարգում ենք մեր քաղաքական խորհրդի որոշումը։ Այս դրդապատճառներն են եղել քննարկման արդյունքում ընդունված որոշման հիմքում»։

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե Տավուշում ռեյտինգային թեկնածուները իրար հետ վիճում են, Էնֆիաջյանը բացասական պատասխանեց. «Ոչ մի ընտրական տարածքում վեճի առարկա կամ խնդիր չունենք, մենք ներքին նախապատրաստական աշխատանքներն ենք իրականացնում, որպեսզի քարոզարշավը սկսելուն պես ներկայանալի լինենք։ Տավուշի մարզում բոլոր մեր թեկնածուները ներկայացնելու են մեր քաղաքական թիմի ծրագրերը, ամեն մի անձ ներկայացնելու է իր անցած ճանապարհը եւ իր հետագա գործողությունները»։

Էնֆիաջյանը անդրադարձավ այն խոսակցություններին, թե Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է առաջադրվել, քանի  որ կարծում է, որ ԲՀԿ–ն 5 տոկոսի շեմը չի հաղթահարի։ Նա, մասնավորապես, նշեց, որ Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել չմասնակցել ընտրություններին. «Վստահաբար ձեզ ասում եմ, որ մեր քաղաքական թիմը քննարկել է, ցուցակն այս տեսքը ստացել է մեր քաղաքական թիմի քննարկումների արդյունքում: Նման բովանդակության քննարկում, որ այս շեմը կանցնի, թե չի անցնի, նմանատիպ քննարկում չի եղել, դա ապատեղեկատվություն է: Իսկ իմ անձնական ներքին համոզմունքն է, որ Արգամ Աբրահամյանը բավականին մեծ վստահություն է վայելում հատկապես Արարատի մարզում»:

Հարցին, եթե հայտարարվում է, որ օլիգարխները չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում, ապա Գագիկ Ծառուկյանը ինչու է առաջադրվում, որին ի պատասխան նա նշեց, որ «Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ եւ իր գործունեությունը ծավալել է հասարակության աչքի առաջ եւ հրապարակային, հետագայում ես վստահ եմ նույն ձեռագրով իր գործունեությունը կծավալի»։

Նկատառմանը, թե Գագիկ Ծառուկյանը օրենսդիր գործունեությամբ չի զբաղվել, Էնֆիաջյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ներկայումս էլ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն է, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող ամենաակտիվ խմբակցությունն է»։

Լրագրողի ճշտող հարցին, եթե պնդում է, թե Գագիկ Ծառուկյանը ամենաակտիվ պատգամավորներից է, այդ պարագայում քանի անգամ է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, Էնֆիաջյանը խուսափողական պատասխան տվեց, կրկին մատնանշելով, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում են խմբակցությունում, որի ղեկավարը Գագիկ Ծառուկյան է։

Հարցին՝ եթե «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը «Նիկոլ Վարչապետն է», հնարավո՞ր է ԲՀԿ–ն էլ ընտրի «Ծառույան բարերար» կարգախոսը, Էնֆիաջյանը հրաժրվեց պատասխանել։