Ես անչափ գնահատում եմ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ փոխհարաբերությունները, փոխըմբռնումը եւ նրա արագ հասանելիությունը, ինչպես նաեւ փորձը եւ գիտելիքները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եղել է եւ կա բավականին հագեցած օրակարգ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: «Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն: Բայց, միաժամանակ, անցած վեց ամիսներին մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել, այդ թվում՝ միջազգային հարթակներում, լինի դա ՀԱՊԿ կամ ՄԱԿ շրջանակում: Անցյալ շաբաթ հանդիպել ենք Աստանայում:

Ես շատ բարձր եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը եւ նախարար Լավրովի արագ հասանելիությունը, ինչպես նաեւ փորձը եւ գիտելիքները: Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջեւ հաստատվել են մեր երկրների փոխհարաբերությունների ռազմավարական բնույթին համապատասխանող հարաբերություններ:

Դուք հրաշալի տեղյակ եք, թե ռուս-հայկական հարաբերությունների երկկողմ օրակարգը որքան հագեցած է ու դինամիկ՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից ինչեւ տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ եւ, իհարկե, ռազմա-տեխնիկական համագործակցություն: Գոյություն ունեն համագործակցության հաստատված ձեւաչափեր, որոնք մեզ թույլ են տալիս մեր դաշնակցային փոխհարաբերությունների խորացման նոր ուղղություններ որոշել:

Մեր փոխհարաբերությունները համաձայնեցվում են նաեւ այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպես ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, մենք սերտորեն համագործակցում ենք նաեւ այլ բազմակողմ հարթակներում: Մենք ամուր դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության եւ փոխհարգանքի հիմքի վրա»,- նշել է նա: